Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«ՈՒշագրավ էր հատկապես թանգարանային նյութը ներկայացնելու մշակույթը»

«ՈՒշագրավ էր հատկապես թանգարանային նյութը ներկայացնելու մշակույթը»
21.07.2017 | 09:00

Թանգարանային կրթության կենտրոնի, Դի-Վի-Վի Ինթերնեյշնըլի (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ) հայաստանյան կենտրոնի և Գերմանիայի թանգարանների ասոցիացիայի միջև 2016 թ. նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հայաստանյան թանգարաններից ընտրված 11 մասնագետներ հուլիսի 3-9-ին վերապատրաստման դասընթաց են անցել Գերմանիայի թանգարաններում:

ՈՒսումնական այցը բաղկացած է եղել տեսական և գործնական պարապմունքներից: Նպատակն է թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել գերմանական թանգարաններում ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարան ներգրավելու, մեծահասակների և տարեց այցելուների հետ աշխատանքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման լավագույն փորձի օրինակները:
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի երկրաբանական թանգարանի տնօրեն ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագրի կարևոր կետերից է մեծահասակ այցելուներին թանգարան ներգրավելու փորձը, ինչի բացը կա Հայաստանում (մեծահասակ են համարվում 25 տարեկանից բարձր այցելուները): Սոցիալական գործոնը դեր ունի, բայց մեր զրուցակիցը վստահ է, որ կան ուղիներ, և, դրսի փորձը ինտեգրելով, կարելի է դրական արդյունքի հասնել:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու ԱՐՈՒՍՅԱԿ ՂԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ ծրագրով նախատեսված թանգարանները վեցն էին, ազատ ժամանակը փորձել են օգտագործել` այցելելու մյուս խոշոր թանգարանները ևս. «Բեռլինի կենտրոնի Թանգարանային կղզում են գտնվում աշխարհի խոշոր թանգարաններից մի քանիսը` Բոդեի, Պերգամոնի և այլն: Ինձ համար ուշագրավ էին հատկապես թանգարանային նյութը ներկայացնելու մշակույթը, արտաքին էֆեկտները, որ մեծ ներգործություն են թողնում այցելուի վրա: Մինչ թանգարանների և ցուցանմուշների մասին հիմնական տեղեկություն ստանալը՝ շենքի կառուցվածքից, ներսի ձևավորումից արդեն իսկ որոշակի պատկերացում կարող ես կազմել տվյալ թանգարանի վերաբերյալ: Գերմանիայի շատ թանգարաններում ակնհայտ մեծ ֆինանսական ներդրում է արված, բայց, օրինակ, Աննա Ֆրանկի կրթական կենտրոնում, որը գտնվում էր քաղաքի կենտրոնական հատվածից բավականին հեռու և շատ փոքր ցուցադրության տարածք ուներ, այնպիսի հետաքրքիր ցուցադրություն էր կազմակերպված, որ կարող էր մրցել շատ ու շատ խոշոր թանգարանների հետ: Կրթական ծրագրին մասնակցելուց զատ ուսումնասիրել ենք թանգարանների ցուցադրությունը, ձևավորումը, տակագիրները, հսկողությունը, ընդհուպ այցելուների վարքագիծը, վերաբերմունքը ցուցանմուշներին»:


Գայանե Գրիգորյանը նշեց, որ այցելուն կարող է մեկ օր անցկացնել թանգարանում. և հանգստանալ, և՛ գիտելիք ստանալ, և՛ շփվել. «Թանգարաններն ունեին ենթակառուցվածքներ, որոնք հավելյալ վճարներ են ստեղծում: Լավ օրինակ է, կուզեի, որ մեզ մոտ էլ կիրառվեր: Ցանկացած թանգարան ուներ խանութ, սրճարան, հանդերձարան, որտեղ այցելուները կարող էին պահ տալ իրեն հագուստը, պայուսակները ու հանգիստ ներս մտնել: Տարածքում կան հարմարավետ աթոռներ, այցելուն կարող է ցանկացած նմուշի մոտ երկար նստել, դիտարկել: Թանգարանային նմուշներին կարելի էր ծանոթանալ աուդիոգիդերի, տպագրական նյութի միջոցով»:
Ի դեպ, տեղեկատվական տեքստերը հարմարեցված են լսողական, տեսողական և ֆիզիկական այլ խնդիրներ ունեցող այցելուների համար:


Հետաքրքրվեցի, թե ինչով են առանձնանում մեր թանգարանները:
«Թանգարաններից մեկում ներկայացրինք մեր կրթական ծրագրերը, որոնք ոչնչով չէին զիջում գերմանական թանգարանների իրականացրած ծրագրերին: Չնայած մեր թանգարաններում կրթական ծրագրերն իրականացվում են անհամեմատ ավելի համեստ միջոցներով, սակայն մեր գիտական ներուժը շատ մեծ է: Պարզապես պետք է տեսնել դրսի փորձը, որ գնահատես քոնը և դրսի լավագույն փորձը ներդնես քեզ մոտ»:
Երկրաբանական թանգարանի տնօրենն ասաց, որ մասնավոր այց է կատարել Բեռլինի բնագիտության թանգարան. «Կրթական ծրագրեր կային, որ մեր թանգարանը նույնպես իրականացնում է, բայց նույնը չեն հնարավորությունները: Համապատասխան տարածք չունենք: Թանգարանային շենքային պայմանները արդեն իսկ մեծ հնարավորություն են տալիս: Որոշ ծրագրեր պետք է բնության գրկում` համապատասխան վայրում իրականացնել, որ ավելի հետաքրքիր ու արդյունավետ լինի նյութի մատուցումը: Սա նույնպես հավելյալ միջոցներ է պահանջում, թեև հնարավորության սահմաններում իրականացնում ենք»:


Զրուցեցինք նաև «Երևան Քարտ» ծրագրի մասին, որի շրջանակում մեր երկիր այցելած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան միասնական տոմսի միջոցով օգտվելու զբոսաշրջային մի շարք ենթակառուցվածքներից, այդ թվում` անվճար մուտք գործելու 40-ից ավելի թանգարաններ: Գայանե Գրիգորյանն ասաց, որ միտում կա ակտիվացնելու թանգարանային կյանքը, ինչն իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը. «Պարզապես ակտիվ համագործակցություն պետք է ստեղծել տուրօպերատորների, տուրիստական կազմակերպությունների և թանգարանների միջև: Շատերը չգիտեն, թե ինչ թանգարաններ ունենք Հայաստանում: Տուրօպերատորը, թանգարանների բնույթին և հնարավորություններին ծանոթանալով, ճիշտ առաջարկ և փաթեթ կներկայացնի Հայաստան այցելող զբոսաշրջիկին, և այս գործընթացները կարող են սոցիալ-մշակութային մեծ դեր ունենալ համայնքի, քաղաքի, գյուղի կյանքում»:


«Պետական թանգարանների համար հաստատվել է տոմսերի գնային նոր կարգ: Երկրաբանական թանգարանը վերանայե՞լ է գնային քաղաքականությունը» հարցին ի պատասխան զրուցակիցս ասաց, որ իրենց մոտ գները չեն փոխվել, ավելի կարևորում են այցելուների ներգրավվածությունը, ավելորդ խոչընդոտ չեն ուզում ստեղծել: «Լավ կլինի, որ թանգարանների տոմսերի պետական տուրքը վերացնեն: Գոյացած գումարը չնչին է, գոնե ուղղվեր թանգարանի բարեկարգմանն ու նոր ծրագրերի ստեղծմանը,- ասաց նա, տեղեկացնելով, որ նախատեսում են թանգարանային կրպակ բացել:- Թանգարանային արտադրանք ունենալու կարիք կա: Թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի այցելուները ցանկանում են ծանոթանալ, ձեռք բերել իրեց նախընտրած քարային, միներալային նմուշները, երկրաբանական քարտեզներ ունենալ, ծանոթանալ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի գիտաշխատողների գիտական աշխատանքներին, հանրապետությունում երկրաբանական վերջին նորություններին»:


Մեր զրուցակիցները, առիթից օգտվելով, շնորհակալություն հայտնեցին թանգարանային կրթության կենտրոնի և Դի-Վի-Վի Ինթերնեյշնըլի հայաստանյան գրասենյակին` ընձեռած հնարավորության համար, հույս հայտնեցին, որ ծրագիրը կլինի շարունակական:
Հավելենք, որ 2014 թ. թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության հայաստանյան գրասենյակի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնըլ) ջանքերով հիմնադրվել է թանգարանային կրթության կենտրոնը, որը նպատակ ունի մասնագիտական վերապատրաստումների ճանապարհով նպաստելու թանգարանային կրթության մասնագետների կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հիմնադրումից ի վեր թանգարանային կրթության կենտրոնը համագործակցել է բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ամստերդամի թանգարանների հիմնադրամը, Եվրոպական թանգարանների ցանցը, Բրիտանական թանգարանը, Մանչեստրի պատկերասրահը և այլ կազմակերպություններ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ